ԲՐԻՏԱՆԱԿԱՆ RBS ԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 291 ՄԼՆ ԵՎՐՈ ԶՈՒՏ ՎՆԱՍՈՎ
Բրիտանական Royal Bank of Scotland (RBS) Plc. բանկն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում բանկը կրել է 291 մլն եվրոյի զուտ վնաս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 72,5%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն RBS բանկի հասույթը հաշվետու երեք ամիսների ընթացքում աճել է 3,2%-ով և կազմել 10,5 մլրդ դոլար, իսկ բանկի գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է շուրջ 4 անգամ` կազմելով 839 մլն եվրո:
Բրիտանական RBS բանկն աշխարհի խոշորագույն 10 բանկերից մեկն է: Այն հիմնադրվել է 1727 թվականին:
Նշենք, որ RBS բանկը զգալի վնասներ էր կրել ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով կառավարությունից ստացված ֆինանսական աջակցություն դիմաց բանկի բաժնետոմսերի 83%-ն այժմ գտնվում է կառավարության վերահսկողության տակ: