REUTERS-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՇՐՋԱՆԱՌՎԻ ԼՈՆԴՈՆԻ ԲՈՐՍԱՅՈՒՄ
Thomson Reuters ընկերությունը, որը հանդիսանում է Reuters տեղեկատվական գործակալության սեփականատերը, պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի LSE և Նյու-Յորքի Nasdaq ֆոնդային բորսաների բորսայական ցուցակներից ընկերության արժեթղթերի դուրս գրման մասին: Ընկերության արժեթղթերն այսուհետ կշրջանառվեն միայն Նյու-Յորքի NYSE և Տորոնտոյի ֆոնդային բորսաներում:
Նշենք, որ LSE ֆոնդային բորսայում Thomson Reuters ընկերության արժեթղթերով վերջին գործարքները կնքվել են այս տարվա սեպտեմբերի 9-ին, երբ առևտրային շրջանների ավարտին մեկ արժեթղթի գինը սահմանվել է 18,92 ֆունտ ստերլինգ:
Thomson Reuters ընկերությունը կազմավորվել է 2008 թվականի ապրիլին` բրիտանական Reuters գործակալության և Thomson International կանադական ընկերության միավորման արդյունքում: