SOCIETE GENERALE ԲԱՆԿԸ ԿՄԱՐԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ֆրանսիական Societe Generale բանկի տարածած հաղորդագրության համաձայն բանկը մտադիր է թողարկել 4,8 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ արժեթղթեր, որոնց տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցների զգալի մասը բանկը կուղղի ֆրանսիական կառավարության նկատմամբ իր պարտավորությունների մարմանը:Հիշեցնենք, որ ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով բանկը 3,4 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն էր ստացել ֆրանսիական կառավարությունից:
Societe Generale բանկի ներկայացուցիչների հայտարարության համաձայն ներգրավված միջոցների մնացյալ մասը բանկը մտադիր է ուղղել Dexia ֆրանս-բելգիական բանկային խմբի արժեթղթերի 20%-ի ձեռքբերմանը:
Նշենք, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսական ոլորտում գործող ընկերություններին տրամադրել է շուրջ 21,3 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն: