ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԴՈԼԱՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ
ԱՄՆ տնտեսությունը հետաքրքրված է դոլարի կայունությամբ: Այս մասին նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, և ավելացրել, որ ամերիկյան կառավարությունը, գիտակցելով համաշխարհային տնտեսության երկարաժամկետ կայունության հաստատման գործընթացում դոլարի ունեցած դերը, իրականացնում է հաշվեկշռված քաղաքականություն:
Նշենք, որ ճգնաժամի պայմաններում ԱՄՆ կառավարությունը միաժամանակ մշակել և իրականացրել է տնտեսության խթանման մի շարք ծրագրեր, ինչը դոլարի հնարավոր դևալվացիայի հետ կապված ձևավորել է լրացուցիչ ռիսկեր, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ որոշ երկրներ, մասնավորապես Չինաստանը, մտադիր են կրճատել իրենց դոլարային պահուստները, ապա դոլարի փոխարժեքի անկումը դիտվում է որպես անխուսափելի երևույթ:
Հատկանշական է, որ դոլարի անկումը առավել շահավետ է ԱՄՆ կառավարությանը, քանի որ այն հնարավորություն է տալիս կրճատել առևտրային պակասուրդը: