ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող Ford Motor Co., General Motors Co. և Chrysler Group LLC ընկերությունները հրապարակել են 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն հաշվետու ամսվա ընթացքում այս երեք ընկերությունններն էլ գրանցել են վաճառքի ծավալների անկում:
Այսպես, Ford ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ շուկայում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 5.1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է Ford ընկերության արտադրության 114655 ավտոմեքենա:
General Motors ընկերության ներկայացրած հաշվետվության համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ամերիկյան շուկայում վաճառվել է ընկերության արտադրության 156673 ավտոմեքենա, ընդ որում նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 45%-ով:
Ամերիկյան մեկ այլ խոշոր արտադրող Chrysler ընկերության հաշվետվության համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ընկերության վաճառքի ծավալները գրանցել են անկում: Հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է ընկերության արտադրության 62197 ավտոմեքենա: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է ավելի քան 42%-ով: