ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ԿԱԶԳԱՅՆԱՑՎԻ ՍՈՒՐՃԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Վենեսուելայի կառավարությունը մտադիր է առաջիկա երեք ամիսների ընթացքում ազգայնացնել սուրճի արտադրությամբ զվաղվող խոշոր ընկերությունները: Ինչպես նշել են կառավարության ներկայացուցիչները` խոսքն առաջին հերթին վերաբերում է Fama de America և Cafe Madrid ընկերություններին, որոնք, կառավարության հայտարարության համաձայն, հրաժարվել են ենթարկվել կառավարության մշակած գնային քաղաքականությանը:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ և նշել, որ սուրճի արտադրությամբ զբաղվող ընկերությունները մեղադրվում են սուրճի անօրինական արտահանման մեջ, և կառավարության վերահսկողության ուժեղացումը կապահովի այս խնդրի արագ լուծում:
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Վենեսուալայում արդեն ազգայնացվել են նավթաարդյունաբերական, ցեմենտի արտադրության և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները: