Եկամուտների Հայտարարագիր. Ինչպես և ովքեր պետք է ներկայացնեն
Եկամուտների հայտարարագիրը հանդիսանում է հարկային հաշվետվություն, որտեղ քաղաքացիները ներկայացնում են իրենց ստացած եկամուտները տարվա ընթացքում։ Եկամուտների պարտադիր հայտարարագրումը հարկավոր է իրականացնել մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ խուսափելու համար հնարավոր տույժերից և տուգանքներից։ Այս էջում ներկայացված է ՊԵԿ կողմից տրամադրված ամբողջական պաշտոնական տեղեկատվությունը՝ Եկամուտների հայտարարագրերի մասին։ Մասնավորապես.
- ովքե՞ր պետք է հանձնեն եկամուտների հայտարարագիր,
- ինչպե՞ս պետք է հանձնել եկամուտների հայտարարագիր,
- ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել եկամուտների հայտարարագիր,
- ինչպե։ս օգտվել սոցիալական ծախսից,
- այլ մանրամասներ։
«ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ՄԻԱՆՎԱԳ ստացված չհարկվող եկամուտներին։ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին»։
Ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց) նոր խմբեր․
- 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
- 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
- 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
- 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
- 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
Կարևոր է իմանալ, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձը կամ վերջինիս փոխարեն նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Օրինակ, այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն։
Կարևոր է իմանալ, որ 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք և այլն), այդ թվում՝ անչափահասները։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում 2024 թվականին անհատ ձեռներեց հանդիսացած ֆիզիկական անձը, բայց նրա վարձու աշխատողները պարտավոր են ներկայացնելու հայտարարագիր։ Պարտավոր են հայտարարագիր ներկայացնել նաև երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող ֆիզիկական անձինք, քանի որ համարվում են վարձու աշխատող։
Հայտարարագիր չեն ներկայացնում Հայաստանում աշխատող օտարերկրյա, նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող օտարերկրյա անձինք (183 օր և ավելի փաստացի գտնվել են ՀՀ-ում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում), քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։
2025 թվականին հայտարարատու չեն նաև կենսաթոշակառուները, եթե նրանք չեն համարվել վարձու աշխատողներ։
Ի գիտություն. ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, այսինքն, ռեզիդենտի ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:
Ինչպես ներկայացնել հայտարարագիր
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:
Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․
- ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
- Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
- Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
- Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.
- Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, mts.am
- Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, ucom.am
- Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․
- ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
- Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):
- Այցելել ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Կարևոր է իմանալ, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի երկրորդ բաժինը
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի երրորդ բաժինը
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի չորրորդ բաժինը
Ինչպես օգտվել սոցիալական ծախսից
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար։
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար պետք է ծառայություն մատուցողից` ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից, պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ Եթե սոցիալական ծախսը կատարել եք Ձեր ընտանիքի անդամի համար, սակայն հայտարարատուն Դուք եք, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայության համարանիշը, նաև նրա ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով` տարեկան առավելագույն չափը 100 000 դրամ է։
Եթե հայտարարագիր ներկայացրած քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։
Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարների և նրան վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության:
Սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար կարող եք դիմում ներկայացնել, եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, միևնույն՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։
Հաճախ տրվող հարցեր
1. Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր
Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833, ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։
2. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս
Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։
3. Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր
Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։
4. Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
5. Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:
6. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում
Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։
7. Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր
Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։
8. Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր
Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։
9. Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
10. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում
Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։
11. ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
12. Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն
Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։
13. Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր
Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։
14. Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր
Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։
15. Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն
Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։
16. Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։
17. Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն
Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
18. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
19. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար
Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։
20. Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր
Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):
21. Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման
Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի Ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով Ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն Դուք չեք ունենա։
22. Արդյո՞ք հայտարարագրման ենթակա է Ձեր անշարժ և շարժական գույքը
Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ ․ եկամուտների տարեկան հայտարարագրում Դուք պետք է ներառեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։
23. Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են Ձեր ծախսերը
Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, Դուք պետք է հայտարարագրեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։
24. Արդյո՞ք պետք է հայտարարագրեք Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։
25. Սեփական հաշիվների միջև փոխանցումները, արդյո՞ք պետք է ներառել հայտարարագրում
Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները ՉԵՆ համարվում եկամուտներ և ՉԵՆ ներառվում եկամուտների հայտարարագրում։
26. Եթե Դուք վճարային տերմինալից կամ բանկում Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք կանխիկ գումար, արդյո՞ք պետք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում
Ոչ, եթե Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ինչպես նաև Ձեր հաշվեհամարին կամ քարտին բանկում մուտք եք արել կանխիկ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառեք հայտարարագրում։
27. Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նաև ԱՁ-ի եկամուտները
Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։
28. Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ փոխանցվել է գումար, արդյո՞ք այդ գումարները պետք է ներառել հայտարարագրում
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված ստացվող եկամուտները։ Հետևաբար, եթե արտերկրից Ձեզ փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։
29. Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում աշխատավարձ եք ստացել արտասահմանից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է հայտարարագրել
Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում:
30. Արտասահմանից ստացված եկամուտները, որոնք արդեն հարկվել են ծագման երկրում, արդյո՞ք կրկին պետք է հարկվեն Հայաստանում
Եթե այդ եկամուտները հարկվել են արտասահմանում, ապա Հայաստանում կվճարեք եկամտի 20%-ի և այդ եկամուտից արտերկրում վճարված հարկի տարբերության չափով։
31. Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացին որևէ ծառայության դիմաց եկամուտ է ստացել արտասահմանում գտնվող ֆիզանձից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է ներառել հայտարարագրում
Այո, ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում՝ անկախ այն հանգամանքից այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտային հարկով հարկման 20 տոկոս դրույքաչափով։
32. Արդյո՞ք համավարկառուն վարկառուի հետ միասին պետք է հայտարարագրի ստացված վարկը
Ոչ, համավարկառուն` 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։
33. Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտները
Այո, եթե 2024 թվականի ընթացքում ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմ), արժեթղթերից և բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։
34. Եթե 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, արդյո՞ք դրանից ստացված եկամուտները պետք է ներառեք հայտարարագրում
Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը)։ Եթե Դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։
35. Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է այդ եկամուտները ևս ներառեք հայտարարագրում
Այո, եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ:
36. Արդյո՞ք նվիրատվությունները պետք է ներառվեն հայտարարագրում
Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով, ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։
37. Արդյո՞ք պետք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները
Այո, եթե 2024 թվականի ընթացքում տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։
38. Եթե որևէ մեկին տվել եք պարտքով գումար, արդյո՞ք վերադարձվող գումարը ենթակա է հայտարարագրման
Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։
39. Արդյո՞ք խնայողությունները ենթակա են հայտարարագրման
Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։
40. Եթե ՀՀ քաղաքացին 2024 թվականի ընթացքում ծառայության դիմաց ստացել է եկամուտ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ եկամուտները
Այո, եթե 2024 թվականի ընթացքում որևէ ծառայության դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ եկամուտները ևս պետք է ներառել հայտարարագրում, որը ենթակա է հարկման։
41. Արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն
Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։
42. Արդյո՞ք պետք է հայտարարագրել երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը, ինչպես նաև ալիմենտը
Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ, ապա այդ գումարը ստացող ծնողը՝ հայտարարտու լինելու պարագայում, իր հայտարարագրում պետք է ներառի այդ եկամուտները, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։
43. Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում և արդյո՞ք դրանք ենթակա են հարկման
Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա ՉԵՆ հարկման։
44. Արդյո՞ք պետք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները
Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Այս եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրել։
45. 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում
300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։
46. 300 հազար դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին
300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։
47. Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը
Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 հազար դրամ և ավելի գումարը: Այսինքն, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում:
48. Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր
Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։
49. Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։
50. Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին
Այո, 300 հազար դրամ շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն, եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։
51. Արդյո՞ք պետք է հարկ վճարել, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը
Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում են 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
52. Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը
Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։
53. Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։
54. 300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում
Եթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։
55. Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
56. Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում, այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։
57. Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետ
Բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի` եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։
58. Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում
300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։
59. Ո՞վքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք հայտարարագիր, ապա Դուք եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից կարող եք օգտվել ինչպես Ձեր համար, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Ընտանիքի անդամներն են՝ հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):
60. Ո՞ր դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից
Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից միայն այն դեպքերում, երբ 2024 թվականի ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող՝ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունում կատարել եք ուսման վճար։
61. Ո՞ր հաստատություններում սովորողների համար է գործում սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունը
Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Հիշեք, որ ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։
62. Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որևէ բժշկական ծառայությունից
Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։
63. Որքա՞ն է կազմում փոխհատուցումը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Հիշեք, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Կարևոր է իմանալ նաև, որ երկու ուղղություններով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել միաժամանակ, սակայն դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։
64. Ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից
Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։
65. Արդյո՞ք պետք է ներկայացնել դիմում փոխհատուցումը ստանալու համար
Երբ արդեն ներկայացրել եք հայտարարագիր և Ձեր հանրային ծառայությունների համարանիշով, որպես սոցիալական ծախս կատարող, դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, ապա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար նախատեսված՝ https://self-portal.taxservice.am/ համակարգում հայտարարագրի «Սոցիալական ծախսեր» բաժնում ինքնաշխատ կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս եք կատարել և որքան է փոխհատուցման չափը։ Իսկ փոխհատուցումն ստանալու համար, պարզապես, պետք է հենց նույն համակարգի միջոցով ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։ Դիմումը հասանելի է համակարգի «Հայտարարագրերի ձևեր» բաժնում։ Ֆիզիկական անձի կողմից դիմումում լրացվում է բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։
66. Հաշվարկային փաստաթուղթը պետք է վերցնել առձե՞ռն, թե այն հայտարարագրում կարտացոլվի ինքնաշխատ
Հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ արտացոլվում է հայտարարագրման համակարգի «Սոցիալական ծախսեր» բաժնում։ Այստեղ ֆիզիկական անձին հասանելի է փաստաթղթի տեղեկատվությունը, ինչպես նաև փաստաթղթի PDF տարբերակը։ Սոցիալական ծախսի փոխհատուցման գումարի մասին տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է նաև հայտարարագրի համապատասխան բաժնում։
67. Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե Ձեր զավակը օտարերկրյա քաղաքացի է
Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր զավակը՝ ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։
68. Նույն ուսանողի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայատարարագիր ներկայացնող ծնողները
Այո, նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ուսանողի և՛ մայրը, և՛ հայրը։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։
69. Եթե 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար երկու տարբեր հաստատությունում, արդյո՞ք երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։
70. Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2024 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ
Եթե 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթուղթը։ Ծառայություն մատուցողը պարտավոր է տրամադրել փաստաթուղթ, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2024 թվականի ընթացքում։
71. Եթե քաղաքացին 2023 թվականի համար ներկայացրել է հայտարարագիր և կատարել է սոցիալական ծախս, բայց չի օգտվել փոխհատուցումից, արդյո՞ք կարող է 2025-ին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը
Այո, եթե ֆիզիկական անձը 2023 թվականի համար ունեցել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա 2023 թվականի համար համապատասխան ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնի ճշտված հայտարարագիր, ապա կարող է ստանալ փոխհատուցում։
72. Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, կարո՞ղ է օգտվել առողջապահության գծով փոխհատուցումից
Եթե Դուք սոցիալական փաթեթի շահառու եք, ապա անձամբ չեք կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը՝ կարող եք փոխհատուցումից օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։
73. Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում
Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն:
74. Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, հայտարարտուն կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից
Ոչ, սոցիական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել այդ ծախսը կատարած հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, եթե առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսը կատարել է այլ անձ (այդ թվում՝ գործատուն), ապա հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը չի կարող օգտվել դրա գծով սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։
75. Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր
Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել միայն այն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի անձինք, որոնք համարվում են հայտարարատու (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833)։