OPEL-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ
General Motors ընկերության եվրոպական Opel մասնաճյուղի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելուց հետո ռուս-կանադական Magna-խնայբանկ կոնսորցիումը նախատեսում է աշխատակազմի կրճատումներ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն առաջիկա ամիսների ընթացքում ընկերության նոր սեփականատերերն աշխատանքից կազատեն շուրջ 10.5 հազար աշխատակիցների, ընդ որում նախատեսվում է 4500 աշխատատեղերի կրճատում ընկերության գերմանական գործարաններում: Նշենք, որ Opel ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 50 հազար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին կայացած խորհրդի նիստի ժամանակ General Motors ընկերության տնօրենների խորհրդի անդամները որպես ընկերության եվրոպական Opel ներկայացուցչության գնորդ հաստատել էին կանադական Magna և ռուսական Խնայբանկի կոնսորցիումին: Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիական գործընկեր է հանդիսանում ГАЗ խումբը, Opel ընկերության բաժնետոմսերի 55%-ի դիմաց GM ընկերությանը կվճարեն 500 մլն եվրո: Opel ընկերության բաժնետոմսերի մնացյալ 10%-ը կանցնի Գերմանական Ավտոարտադրողների Արհմիությանը, իսկ 35%-ը կմնա GM ընկերության վերահսկողության տակ: