ԱՄՆ-ում հաշվարկել են 1 միլիոն դոլարից ավելի կարողություն ունեցող ընտանիքների թիվը
ԱՄՆ-ում շուրջ 29 միլիոն ընտանիք, կամ ընդհանուր թվի 22%-ն ունի առնվազն 1 միլիոն դոլարի կարողություն։ Միևնույն ժամանակ, ամերիկյան տնային տնտեսությունների մեծամասնության կարողությունը զգալիորեն ցածր է այդ գումարից։ Այս մասին են վկայում Investopedia-ի հետազոտության արդյունքները։
Ինչպես հաղորդում է Investopedia-ն՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տվյալներին, 2025 թվականին ամերիկյան ընտանիքի կարողության մեդիան ցուցանիշը կազմել է 215.9 հազար դոլար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսությունների կեսի ակտիվների արժեքը նշված գումարից ցածր է եղել, իսկ մյուս կեսինը՝ ավելի բարձր։
Հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում անշարժ գույքի, խնայողությունների, կենսաթոշակային կուտակումների և այլ ակտիվների արժեքները՝ հանած վարկային և հիփոթեքային պարտավորությունները։ Հետևաբար, 1 միլիոն դոլարի կարողություն ունենալը չի նշանակում, որ ընտանիքն այդքան կանխիկ գումար կամ ազատ միջոցներ ունի։
Հետազոտության համաձայն՝ ամերիկյան ընտանիքների 37%-ի կարողությունը չի գերազանցել 100 հազար դոլարը։ Եվս 30%-ն ունեցել է 100 հազարից մինչև 500 հազար դոլարի, իսկ 12%-ը՝ 500 հազարից մինչև 1 միլիոն դոլարի ակտիվներ։
Ընտանիքների 17%-ի կարողությունը կազմել է 1-5 միլիոն դոլար։ Եվս 4,9%-ի կապիտալը գերազանցել է 5 միլիոն դոլարը։
Միևնույն ժամանակ, ամերիկյան ընտանիքի կարողության միջին թվաբանական ցուցանիշը հասել է 1.24 միլիոն դոլարի։ Միջին և մեդիան ցուցանիշների միջև զգալի տարբերությունը պայմանավորված է հարստության բարձր կենտրոնացմամբ․ առավել ապահովված տնային տնտեսությունները զգալիորեն բարձրացնում են միջին ցուցանիշը։
Այսպես, ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքների 10%-ի կարողության մեդիան ցուցանիշը կազմել է շուրջ 4.9 միլիոն դոլար, ինչը 20 անգամից ավելի է գերազանցում սովորական տնային տնտեսության ցուցանիշը։
Կուտակված կապիտալի չափը կախված է նաև եկամուտների մակարդակից և կրթությունից։ Ամենաբարձր եկամուտ ունեցող ընտանիքների 10%-ի շրջանում կարողության մեդիան ցուցանիշը հասել է 3,7 միլիոն դոլարի, մինչդեռ առավել ցածր ապահովվածություն ունեցող ընտանիքների 20%-ի դեպքում այն կազմել է ընդամենը 14.4 հազար դոլար։
Այն ընտանիքները, որոնց առնվազն մեկ չափահաս անդամ ունի բարձրագույն կրթություն, ունեցել են 505.4 հազար դոլարի մեդիան կարողություն։ Իսկ այն տնային տնտեսությունների դեպքում, որտեղ կրթության մակարդակը սահմանափակվել է միջնակարգ դպրոցով, այդ ցուցանիշը կազմել է 106.7 հազար դոլար։
Զգալի տարբերություն է արձանագրվել նաև անշարժ գույքի սեփականատերերի և վարձակալների միջև։ Սեփական բնակարան ունեցող ընտանիքների կարողության մեդիան ցուցանիշը կազմել է 458.9 հազար դոլար, մինչդեռ վարձակալների դեպքում՝ ընդամենը 10.6 հազար դոլար։
