ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների` հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 13-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են ՌԴ, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները:
Շտաբի անդամները աշխատանքային տարբեր խմբերում քննարկել են մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության ոլորտի մի քանի կարեւոր հարցեր, մասնավորապես` հեռահաղորդակցության եւ ավիաուղեւորափոխադրումների շուկաներում մրցակցության կանոնների խախտումների համատեղ հետազոտությունների ենթախմբերի գործունեության արդյունքները:
Ինչպես նաեւ քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում ցորենի շուկայի հետազոտության արդյունքների հիման վրա կազմված զեկույցի նախագիծը, ԱՊՀ անդամ երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի բարեփոխումների եւ էլեկտրաէներգետիկայի շուկայում հակամենաշնորհային մարմինների դերի մասին զեկույցը:
Աշխատանքային օրվա ավարտին ընդունվեց արձանագրություն` շտաբի կողմից կատարված աշխատանքների ամփոփման եւ գործունեության առաջիկա ուղղությունների մասին: