ԿԱԶՄՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐԱՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
Ֆինանսական կարգավորող մարմինները կազմել են համաշխարահային ֆինանսական համակարգի համար վտանգ ներկայացնող ֆինանսական ընկերությունների ցուցակ, որտեղ ներառված են 30 խոշոր բանկեր և ապահովագրական ընկերություններ:
Ինչպես նշում է The Financial Times պարբերականը` վտանգավոր ֆինանսական ընկերությունների պաշտոնական ցուցակը դեռևս չի հրապարակվում, սակայն արդեն պարզ է, որ այս ցուցակում ներառված ֆինանսական ընկերություններն իրենց ոչ կայուն դրությամբ կարող են ստեղծել համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող բազմաթիվ ռիսկեր:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն այս ցուցակում ընդգրկվել են այնպիսի խոշոր ապահովագրական ընկերություններ, ինչպիսիք են ֆրանսիական Axa, նիդերլանդական Aegon, գերմանական Allianz, բրիտանական Aviva, ինչպես նաև շվեյցարական Zurich Financial և Swiss Re ընկերությունները:
Նշենք նաև, որ ցուցակում ընդգրկված բանկերի շարքում են առաջատար Goldman Sachs, JPMorgan Chase, Morgan Stanley, Bank of America, Merrill Lynch, Citigroup, UBS, Credit Suisse և մի շարք այլ հայտնի բանկեր:
Նախնական հայտարարության համաձայն ֆինանսական համակարգի համար վտանգավոր ֆինանսական ընկերությունների ցուցակում ներառված ընկերությունների գործունեությունը պարտադիր կերպով վերահսկվելու է միջազգային կարգավորող մարմինների կողմից, իսկ այս ընկերություններն, իրենց հերթին, մշակելու են ֆինանսական շուկայի տարբեր զարգացումներ բնութագրող սցենարներից դուրս գալու ռազմավարություններ: