«ՎԱԼԼԵՔՍ»-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՏՈՒՑԵԼ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ
«Վալլեքս» խմբի ընկերությունները նոյեմբերի 28-ին կազմակերպել Էին բնապահպանական հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ անձանց այցելություն «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրով» սահմանված կարգով կատարվող անտառապատման աշխատանքների վայրեր: Հիշեցնենք, որ այս ծրագիրը հաստատվել Էր ՀՀ բնապահպանության նախարարի 22.08.2008թ. թիվ 295-Ա և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 14.09.2008թ. թիվ 151-Ա համատեղ հրամանով:
Այցի կազմակերպիչների հավաստմամբ, «Վալլեքս» խմբի ընկերություններն առաձնահատուկ կարեւորություն են տալիս անտառային ֆոնդին հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին ու շահագրգռված են դրանց նկատմամբ լայն հասարակական վերահսկողություն իրականացնելու մեջ: Ձգտելով ապահովել հնարավորինս լայն հասարակական մասնակցություն` հրավեր էր ուղարկվել մի շարք հասարակական բնապահպանական կազմակերպությունների եւ բնության պահպանության ոլորտում ակտիվություն դրսեւորող անկախ փորձագետների:
Ծրագիրը նախատեսում է մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից, ըստ կոնկրետ փուլերի եւ տարածքների համար մշակված աշխատանքային նախագծերի, անտառապատման աշխատանքների իրականացում հանքավայրի շահագործման հետեւանքով հատման ենթակա անտառի կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Ծրագրի առաջին փուլով նախատեսված 135 հա գումարային մակերեսով տարածքներում անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով այս տարվա մարտի 25-ին հայտարարվել է մրցույթ: Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 67 հեկտար գումարային մակերեսով տարածքների անտառապատումը «Թեղուտ» ՓԲ ընկերության հետ կնքված համապատասխան պայմանագրով սահմանված կարգով իրականացնում է մրցույթի արդյունքներով առաջին լոտով հաղթող ճանաչված «Տրի գրեն» ՍՊ ընկերությունը: Երկրորդ լոտով հաղթող ճանաչված «Աղավնատուր» ՍՊ ընկերությունը, «Թեղուտ» ՓԲ ընկերության հետ կնքված համապատասխան պայմանագրով սահմանված կարգով իրականացնում է անտառապատման աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղին հարակից 73 հա գումարային մակերեսով տարածքներում:
Մինչ այցի մեկնարկը կազմակերպիչները մասնակիցներին առաջարկեցին հնարավոր տաբերակներից ընտրել երթուղին եւ համապատասխան այցելության օբյեկտները: Մասնակիցների ընդհանուր որոշմամբ` այցն իրականացվեց «Տրի գրեն» ՍՊ ընկերության կողմից անտառապատվող տարածքում, Թեղուտի հանքավայրի եւ ապագա լեռնահարստացուցիչ կոմբինատի տարածքներում: Տեղանքի դիտարկումից հետո կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանին եւ այլ ղեկավար անձանց, ինչպես նաեւ` անելու տարբեր առաջարկություններ:
Տնօրինության հավաստմամբª «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից հասարակական կազմակերությունների եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ իրականացվող նմանատիպ այցեր կկազմակերպվեն պարբերաբար: Հաջորդ այցելությունը նախատեսվում է 2010 թ. գարնանը: