
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑԵԼ
Հայաստանի մաքսային ծառայությունը մեծ առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում` համակարգում իրականացված մի շարք կարևոր վարչական բարեփոխումների շնորհիվ: Այս եզրահանգմանն են եկել Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետները` վերջին շրջանում մաքսային համակարգում անցկացված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում: Այդ առաջընթացը տեսանելի է հատկապես մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացում, որի շնորհիվ Հայաստանը բարձր գնահատականի էր արժանացել նաև Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Doing business» զեկույցում: Ի դեպ, պարզեցված և կատարելագործված մաքսային ընթացակարգերը կարևոր նախապայման են կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցում. «Կոռուպցիայի դեմ պայքարի գործում Խորհրդատվական խմբի փորձագետները կարևորել են հատկապես «Մաքսային վարչարարության ռազմավարության» և «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում կազմված «Մաքսային ոլորտի ռազմավարական գործողությունների» ծրագրերը, որոնք բխում են Եվրամիության առաջադեմ փորձից, համապատասխանում են միջազգային լավագույն չափանիշներին և հիմնված են «Եվրամիության օրինակելի մաքսային ծառայության ձեռնարկի»` «Բլուփրինթի» դրույթների վրա»,- լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը:
Ա. Շաբոյանի փոխանցմամբ` մաքսային համակարգի վերաբերյալ բոլոր գնահատականներն արտացոլվել են Եվրամիության խորհրդատվական խմբի պատրաստած «Կոռուպցիոն ռիսկերի գնահատման և վերլուծության վերաբերյալ» զեկույցում, մասնավորապես դրանում ներառված` մաքսային ոլորտի վերաբերյալ ԵՄԽԽ իրավիճակային հաշվետվությունում, որտեղ մանրամասն նկարագրվում են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի մաքսային մարմինների իրականացրած քայլերը` առանձնացնելով հատկապես մաքսային ծառայողների համար հաստատված էթիկայի կանոնագիրքը, որը փակցված է բոլոր տարածքային մաքսային մարմիններում` բոլորին տեսանելի վայրերում: Ավելին, ըստ նրանց ուսումնասիրությունների` էթիկայի կանոնները, տեղադրված լինելով մաքսային ծառայության ինտերնետային կայքում, հասանելի են բոլորին: ԵՄԽԽ փորձագետները կարևորել են նաև համակարգի թափանցիկությունն ու հրապարակայնությունը ապահովող «Թեժ գծի» գործարկումը, որի օգնությամբ քաղաքացիները կարողանում են իրենց հուզող բողոքներն ու հարցադիմումները «տեղ հասցնել» Կոմիտեի ղեկավարությանը: Զեկույցում նշվում է, որ բոլոր բողոքներին անխտիր ընթացք է տրվում, մանրամասն ուսումնասիրվում են դրանց պատճառները, և սահմանված ժամկետներում պատասխան է տրվում քաղաքացիներին: Փորձագետները վկայակոչել են նաև համակարգում գործող գանգատարկման հանձնաժողովի գործունեությունը, որն արձագանքում է մաքսայինի վերաբերյալ ցանկացած բողոքի, այդ թվում իրավախախտումներին: Ի դեպ, ըստ Խորհրդատվական խմբի` մաքսային համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին է վկայում նաև կադրային քաղաքականությունը. «ՊԵԿ ղեկավարության մոտեցումը խիստ է աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման հարցում: Ծառայողական դիրքի չարաշահումը պատժվում է համապատասխանորեն: Մասնավորապես, 2008-2009 թթ-ի ընթացքում նման աշխատաոճի համար կարգապահական տույժի է ենթարկվել 53 աշխատակից»,- հայտնել է Արտակ Շաբոյանը` միաժամանակ նշելով, որ ԵՄԽԽ-ն մի շարք խնդիրներ է բարձրացրել, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են. մասնավորապես, ամեն ամիս Կոմիտեի կողմից հրապարակվում են հարկային-մաքսային համառոտագրերը, վերջերս հրատարակվել են նաև համակարգի վերաբերյալ մի քանի ձեռնարկներ և պարզեցված ուղեցույցներ, որոնցում մատչելի ձևով ներկայացված են տնտեսվարողին հետաքրքրող` ոլորտին առնչվող հիմնական հարցերը. «Բացի այդ, համակարգում անցկացվում են մաքսային ծառայողի էթիկայի կանոնների ներդրման ուղղությամբ վերապատրաստման դասընթացներ: Աշխատանքներ են տարվում նաև Կոմիտեում աշխատանքի գնահատման չափանիշների համակարգի ներդրման և զարգացման ուղղությամբ»:
Ի դեպ, ըստ ԵՄԽԽ փորձագետների, ոլորտի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովվում է նաև Պետեկամուտների ինտերնետային կայքի միջոցով: Լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչու են կայքից հանվել ներկրվող ապրանքների մաքսային արժեքների այսպես կոչված «կողմնորոշիչ չափանիշները», ինչին ի պատասխան ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը պարզաբանել է. «Այդ «կողմնորոշիչ չափանիշների» հրապարակումը չի նախատեսվում ոչ միայն ՀՀ մաքսային օրենսգրքով, այլև նման պրակտիկա գոյություն չունի աշխարհի ոչ մի երկրում: Մաքսային արժեքը որոշվում է միայն ներկայացվող հայտարարագրի հիման վրա: Ավելին, գոյություն ունի մաքսային արժեքի որոշման մի քանի մեթոդ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նրբությունները. մաքսային մարմինները ժամանակ առ ժամանակ կատարում են մաքսային արժեքի որոշման ուսումնասիրություններ, համեմատականներ անցկացնում սպառողական շուկայում առկա նույն ապրանքների շուկայական գների հետ, որոնք անընդհատ փոփոխվում են»: Գ. Սաղոյանը նաև հայտնել է, որ պարբերաբար աճում է գործարքի գնի մեթոդով կատարված մաքսային ձևակերպումների քանակը, այսինքն` երբ ապրանքի մաքսային արժեքը որոշվում է ՄՕ 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: