
ԴՈՒԲԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ DUBAI WORLD-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ` ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դուբայի կառավարությունն առևտրային հիմունքներով 18,3 մլրդ դիրհամ (շուրջ 5 մլրդ դոլար) կտրամադրի Dubai World հոլդինգին, որի ֆինանսական խնդիրները 2009 թվականի վերջին ցնցեցին համաշխարհային ֆինանսական շուկան և կարող էին պատճառ հանդիսանալ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի:
Պաշտոնական տվյալների համաձայն այս գումանները կուղղվեն Dubai World ընկերության ընթացիկ ծախսերի և պարտքերի ֆինանսավորմանը:
Նշենք, որ այս ֆինանսական միջոցների աղբյուրը Աբու-Դաբիի կառավարության կողմից Դուբայի կառավարությանը տրամադրված 36,7 մլրդ դիրհամ (10 մլրդ դոլար) վարկային միջոցներն են:
Հիշեցնենք, որ Դուբայի Էմիրությունը ցնցեց ամբողջ համաշխարհային շուկան, երբ անցյալ տարվա նոյեմբերին հայտարարեց իր պարտավորությունների վերակազմավորման մտադրության մասին:
Դուբայը, կուտակելով շուրջ 80 մլրդ դոլար պարտք, հայտնվել էր դեֆոլտի եզրին: Էմիրության ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը գերազանցող պարտքի գերակշիռ մասը` շուրջ 59 մլրդ դոլարը, բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերության, որն իրականացնում է արմավենու տեսքով արհեստական կղզիների կառուցման շինարարական ծրագիրը (Dubai Palm):