
RBS ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՎՆԱՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 76,6%-ՈՎ
Բրիտանական խոշորագույն Royal Bank of Scotland (RBS) բանկն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները և հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով բանկի կրած զուտ վնասը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 76,6%-ով` կազմելով 1.66 մլրդ ֆունտ ստերլինգ (1.89 մլրդ եվրո): Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով բանկը կրել էր 8.09 մլրդ եվրո զուտ վնաս:
Հատկանշական է, որ չնայած հաշվետու տարում բանկը գրանցել է զուտ վնասի զգալի կրճատում, այնուամենայնիվ, զուտ վնասի ցուցանիշով բանկը եվրոպական մյուս առաջատար բանկերի շարքում առաջիններից մեկն է:
Հրապարաակծ տվյալների համաձայն հաշվետու 12 ամիսների արդյունքներով բրիտանական բանկի հասույթն աճել է 34,3%-ով և կազմել 36.12 մլրդ եվրո` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 26.91 մլրդ եվրոյի դիմաց:
Նշենք, որ 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով RBS բանկը կրել է 594 մլն եվրոյի զուտ վնաս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 93,3%-ով:
Այս նույն ժամանակահատվածում բանկի հասույթն աճել է 3.2 անգամ` կազմելով 8.46 մլրդ եվրո: