ԱՄՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) դեռևս վերջնական որոշում չի ընդունել Հունաստանին հնարավոր ֆինանսական աջակցության տրամադրման ուղղությամբ, սակայն Հունաստանի կառավարության կողմից համապատասխան դիմում ստանալու դեպքում ԱՄՀ պատրաստ է աջակցել այս երկրին` հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: Այս մասին նշվում է ԱՄՀ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Եվրագոտու անդամ երկրները վերջնական համաձայնության են եկել Հունաստանին ֆինանսական աջակցության տրամադրման հարցում: Մշակված ծրագրի համաձայն` Հունաստանին կտրամադրվի 20-23 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն, եթե վերջինս չկարողանա միայնակ հաղթահարել իր խնդիրները:
Ներկայումս Հունաստանի պետական պարտքը գերազանցում է 294 մլրդ եվրոն, իսկ բյուջեի պակասուրդը կազմում է երկրի ՀՆԱ-ի 12,7%-ը: