
GOOGLE-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 37,3%-ՈՎ
Ամերիկյան ինտերնետային առաջատար Google Inc. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու այս երեք ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 37,3% և կազմել 1,95 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 1,42 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Google-ի ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության հասույթն աճել է 23%-ով` կազմելով 6,77 մլրդ դոլար:
Նշենք, որ ներկայումս Google-ի մասնաբաժինը որոնման համակարգերի համաշխարհային շուկայում կազմում է 60%: Ընկերությունը ինդեքսավորում է շուրջ 8 մլրդ վեբ-կայքեր 186 լեզուներով: