TIME WARNER-Ը ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՃ
Ամերիկյան Time Warner Inc մեդիաընկերությունը 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է զուտ շահույթի աճ` գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակի արդյունքներով ամերիկյան այս հսկա մեդիաընկերության զուտ շահույթը կազմել է 725 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 467 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու երեք ամիսների ընթացքում ընկերությունը գրանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես պայմանավորված գորվազդային գործունեությունից ստացվող եկամուտների աճով:
Հաշվետու ամիսներին Time Warner ընկերության հասույթն աճել է 5%-ով և կազմել 6,3 մլրդ դոլար: Այս նույն ժամանակահատվածում գովազդի վաճառքից ստացված եկամուտներն աճել են 9%-ով: