ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է ԱՄՆ-ի և Եվրագոտու անդամ երկրների միջև բանկային տվյալների փոխանակման համապատասխան պայմանագրերի ստորագրումը: Հիշեցնենք, որ Եվրագոտու անդամ երկրները և ԱՄՆ-ն վերջերս ստորագրել էին երկկողմ համաձայանգիր, ըստ որի` ամերիկյան հատուկ ծառայությունների համար կբացահայտվեն եվրոպական բանկերի հաճախորդների բանկային գաղտնիքները: Համաձայանգիրը հավանաբար ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա օգոստոսի 1-ից:
Հատկանշական է, որ Եվրագոտու վերջին երկիրը, որը համաձայնության էր եկել միանալ ԱՄՆ` ահաբեկչության դեմ տարվող պայքարի ծրագրին (The Terrorist Finance Tracking Programme), Գերմանիան էր:
Համաձայնագրի հիմնական պայմանների համաձայն` ԱՄՆ հատուկ ծառայություններին թույլատրվում է հետևել Եվրագոտու տարածքում միջբանկային փոխանցումների SWIFT համակարգով իրականացվող միջազգային դրամային փոխանցումներին, սակայն հաճախորդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով այս ծառայությունները պարտավոր են գրավոր դիմում ներկայացնել եվրոպական բանկերին: