Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական ֆեյսբուքյան էջի, որի միջոցով թշնամի պետությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա։
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում։
Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը հստակորեն իրականացնում է արդբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր թե ակնկալելով, որ Արցախի բնակիչները կդիմեն իրեն։ Սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։
Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բողոքարկել (Report) էջը, որպեսզի կասեցվի դրա տարածումը մեր օգտատերերի շրջանում։ Բողոքարկման քայլերը կից տեսանյութում», – գրել է Արցախի ՄԻՊ-ը։