2011Թ.-ԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ
Հունաստանի խորհրդարանը 156 կողմ և 142 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է 2011թ.ի հակաճգնաժամային բյուջե: Սպասվում է, որ Հունաստանի արտաքին պարտքը հաջորդ տարի կավելանա 10.1 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 152.6%-ը:
Հունաստանի վարչապետ Գեորգիս Պապանդրեուն այս կապակցությամբ ասել է, որ Հունաստանի տնտեսությունը միայն 2012թ.-ին կթևակոխի աճի փուլ, և երկրին կկարողանան դուրս գալ ներկայիս ծանր իրվիճակից:
Հունաստանի կառավարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարի երկրի պետական բյուջեի պակասուրդը կրճատվել է 5 միլիարդով և կազմել ՀՆԱ-ի 7.4%-ը:
Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատեցին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում;