ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԴԱՇՏԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում գործադիրը նախ հաստատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, ինչպես նաև շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգերը։ Նշված տեղեկատվությունը կօգտագործվի հարկատուների կողմից հարկերի հաշվարկման և հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման համար։ Հաջորդ որոշմամբ սահմանվել է հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը, որի համաձայն այդ տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակով և հրապարակման ենթակա չեն։
Կառավարության ընդունած երկու այլ որոշումներից մեկով հաստատվել է սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի, կապի ծառայության մատակարարման գործարքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը, մյուսով կրկնությունը բացառելու նպատակով փոփոխվել նախկին որոշումներից մեկի այն դրույթը, ըստ որի «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրում է տեղեկություններ` ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներին մատակարարված գազի ֆիզիկական ծավալների մասին։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ կիրառվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի ԱԱՀ-ի հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգը, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել խնդրո առարկային վերաբերող իր նախկին որոշումներից մեկը։ Առանձին որոշմամբ սահմանվել է ստուգում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգը։ Դրանց ստացումը ՊԵԿ-ին կընձեռի ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրության, նրանց իրական ծախսերի և եկամուտների գնահատման, որոշակի դեպքերում` նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկման հնարավորություն։
Ընդունված ևս երկու որոշումները միտված են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը, այն է` բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրողները չեն վարի առաքումների գիրք, էապես կնվազի ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման վրա ծախսվող ժամանակը։ Բացի այդ, էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները ևս կհամարվեն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող փաստաթղթեր։
Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի շնորհիվ ակնկալվում է կրճատել տնտեսավարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակը և միջոցները։ Կներդրվի հավաստագրերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային եղանակը։ Սա, վարչապետի բնորոշմամբ, Ամանորի իսկական նվեր է ապրանք արտահանողներին։ Պետք է պահպանել 2010թ. 41 տոկոսի աճ արձանագրած արտահանման ոլորտի այս ձեռքբերումը։ Փոփոխություն կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից ևս մեկում, գործադիրը սահմանել է, որ ավտոգազալիցքավորման ճնշակայանների բաշխիչ աշտարակների տեղադրման ժամկետը Երևան քաղաքում, մարզկենտրոններում և մայրուղիներում 2011թ. մարտի 1-ն է, այլ վայրերում` 2011թ. ապրիլի 1-ը։