ՄԱԿ – ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ 80 ԵՐԿԻՐ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴԺՎԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
ՄԱԿ-ի մասնագետներին անհանգստացնում է սննդամթերքի գների արագ աճը: Եվրոպական ԶԼՄ-ներում հրապարակված ՄԱԿ-ի փորձագետների հաշվարկների համաձայն, աշխարհի շուրջ 80 երկրներ, հիմնականում Աֆրիկայում և Ասիայում, չեն կարողանում իրենց բնակչությանն ամբողջությամբ ապահովել առաջին անհրաժեշտության սննդամթերքներով:
Առավել խոցելի իրավիճակում են հայտնվել Մալին, Նիգերը, Սենեգալը, Չադը, Մավրիտանիան: Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Աֆղանստանում, Մոնղոլիայում, Մոզանբիկում, Հյուսիսային Կորեայում և Միջին Ասիայի մի շարք երկրներում:
Նախորդ շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ պարենային ապրանքների գները հասել են պատմական առավելագույնին:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գյուղատնտեսության և պարենային կազմակերպությունն իրականացնում է համաշխարհային սպառողական զամբյուղի գների հաշվարկը: Համաշխարհային սպառողական զամբյուղն իր մեջ ներառում է հաց, կաթ և կաթնամթերք, միս, շաքար և բուսական յուղ: