ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԿԻՊՐՈՍ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին պետական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: Հունվարի 18-ին կմեկնարկի Նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն:
Կիպրոսի Հանրապետություն այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի Նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:
Հանրապետության ղեկավարը նաև կմասնակցի հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը:
Կիպրոսում Սերժ Սարգսյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, Նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և կմեկնի Հունաստանի Հանրապետություն:
Հունաստանում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Նախագահ Կառլոս Պապուլիասի, Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, Վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ:
Աթենքում Հանրապետության ղեկավարը կհանդիպի նաև Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ավարտելով պետական այցը Հունաստան` Նախագահը հունվարի 20-ին կվերադառնա Երևան: