2011Թ.-ԻՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ «ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՄԲԻՆ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ հայ մշակույթին սատար կանգնելու իր ռազմավարությանը հավատարիմ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կհովանավորի «Սպեղանի» երգչախմբի համերգաշրջանը, որը մեկնարկեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` աշխարհահռչակ 3 ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունների առաջին կատարմամբ Հայաստանում: Համերգաշրջանը կընդգրկի նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ, որտեղ կհնչեն հայ եկեղեցական ազգային մշակութային մեծագույն գործիչներ. ս. Սահակ Պարթևի, ս. Մեսրոպ Մաշտոցի, ս. Հովհաննես Մանդակունու, Խոսրով Անձևացու, ս. Գրիգոր Նարեկացու, ս. Ներսես Շնորհալու շարականները, Բարսեղ Կանաչյանի և Կոմիտասի հիանալի խմբերգերը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությունն ընդգրկում է երկրի զարգացման համար ամենակարևոր ոլորտները` առողջապահություն, կրթություն, երեխաներ, և, իհարկե, մշակույթ: Մշակույթը յուրաքանչյուր երկրի այցեքարտն է աշխարհում: «Սպեղանի» երգչախմբի կատարումները մեզ հպարտության զգացում են պարգևում, և մեր պարտականությունն է հնարավորություն տալ նրանց` շարունակել ներկայացնել Հայաստանի ուրույն մշակութային ժառանգությունն աշխարհին»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ է ներդրել հայ խմբերգային արվեստի զարգացման գործում: 2011-ին լրանում է երգչախմբի գործունեության 15-ամյակը: Այն ստեղծվել է 1996թ.` ի հիշատակ Արցախյան ազատամարտի զոհերի: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և խմբավարն է Սարինա Ավթանդիլյանը: Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել Հայաստանի հանրահայտ երաժիշտների և խմբերգային մշակույթի արտասահմանյան հեղինակավոր գործիչների կողմից: ՙՍպեղանի՚ երգչախումբը Խմբերգային երաժշտության միջազգային ֆեդերացիայի անդամ է:
2010թ.-ի օգոստոսին Սանկտ-Պետերբուրգում կայացած միջազգային խմբերգային հեղինակավոր մրցույթում աշխարհի տարբեր երկրներից այնտեղ ժամանած բազմաթիվ երգչախմբերի շարքում ՙՍպեղանին՚ նվաճեց 3 կարևոր դափնիները` առաջին մրցանակի արժանանալով ՙՀոգևոր երաժշտություն՚, ՙԱզգային երաժշտություն՚ անվանակարգերում, իսկ ՙԺամանակակից երաժշտություն՚ անվանակարգում արժանացավ ժյուրիի կողմից սահմանված հատուկ մրցանակին: Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի երգչախումբ օտար երկրում չի արժանացել միանգամից երեք մրցանակի:
Երգչախումբը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել դափնեկրի կոչման: