Կսահմանվեն Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ծրագրի մշակումը պայմանավորված է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման և ծառայությունների կազմակերպման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով: Ծրագրի ընդունմամբ կսահմանվեն և կհստակեցվեն էներգախնայողության ուղղությամբ և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող միջոցառումները, հիմնական ցուցանիշներն ու թիրախները: Ըստ այդմ՝ կսահմանվեն մինչև 2030 թ. ՀՀ-ում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի, օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը, Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։