ԲԵԼԱՌՈՒՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱՌԵՑՐԵԼ Է» ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ
Վախենալով հավանական բարձր գնաճից՝ Բելառուսի քաղաքացիները շարունակում են «թալանել» խանութները: Այս պայմաններում Բելառուսի կառավարությունը ստիպված սառեցրել է մի շարք սպառողական ապրանքների գները: Իր այս քայլը երկրի կառավարությունը բացատրում է բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու անհրաժեշտությամբ:
Պաշտոնապես առանձնացվել են որոշակի ապրանքատեսակներ, որոնց գները կսահմանվեն համապատասխան մակարդակում և չեն փոփոխվի մինչև հուլիսի 1-ը: Այդ ապրանքատեսակներն են` միս, կարագ, կաթ, կաթնամթերք, մանկական սնունդ, սուրճ, թեյ և այլն:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանները զգուշացնում են, որ գները արհեստականորեն պահելու փորձը կարող է հանգեցնել նոր, առավել մեծ գնաճի:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բելառուսի Ազգային բանկը բելառուսական արժույթը ենթարկել էր դևալվացիայի` 56%-ով: Այս դևալվացիան ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանը և ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: