ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ ԵՆ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ԱՄՆ հասարակ քաղաքացիներին, ովքեր մեծ հույսեր ունեին` կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործունեության հետ, հիասթափեցրել են նախագահի տնտեսական հմտությունները: Ամերիկյան ABC հեռուստաընկերության և Washington Post պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ Օբամայի վարկանիշը վերջին ժամանակահատվածում գրանցել է ռեկորդային անկում: Այսպես, հարցումներին մասնակցած ամերիկացիների 59%-ը գոհ չէ Օբամայի աշխատանքից, մասնավորապես, տնտեսական խնդիրների լուծման համար նրա կողմից ընտրված եղանակներից: Բնակչությունը դժգոհ է տնտեսության վերականգման դանդաղ տեմպերից, բյուջետային աճող պակասուրդից: Օբամայի տնտեսական քաղաքականության կողմնակիցները կազմում են ԱՄՆ բնակչության ընդամենը 33%-ը:
Հատկանշական է, որ ամերիկացիների 45%-ի կարծիքով տնտեսական խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ կարող են տալ հանրապետականները:
Ներկայումս Օբամայի տնտեսական վարկանիշը «փրկում է» համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի սպանությունը: Այս հանգամանքը նախագահի վարկանիշի վրա դրական ազդեցություն է ունեցել: