ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԲԵԼԱՌՈՒՍՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է
2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բելառուսն, իր գնաճի մակարդակով, աշխարհի մյուս երկրների համեմատությամբ կգտնվի առավել առաջատար դիրքերում: Պաշտոնական տվյալների համաձայն` երկրում գնաճի տեմպը ներկայումս փոքր-ինչ դանդաղել է, սակայն կիսամյակային արդյունքերով ցուցանիշը կտատանվի 33-34%-ի սահմաններում:
Նշենք, որ 2010 թվականին աշխարհում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել էր Վենեսուելայում, որտեղ տարեկան կտրվածքով գնաճը կազմել էր 30%:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բելառուսի Ազգային բանկը բելառուսական արժույթը ենթարկել էր դևալվացիայի` 56%-ով: Այս դևալվացիան ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանը և ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: Արդյունքում, Բելառուսի կառավարությունը «ստիպված» սառեցրել էր մի շարք սպառողական ապրանքների գները` բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, այս երկրի կառավարությունը արգելել է նաև որոշ ապրանքների արտահանումը: