ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՃԵԼ Է 70%-ՈՎ
Ընթացիկ տարում Բելառուսի պետական պարտքն աճել է շուրջ 70%-ով և հունիսի 1-ի դրությամբ կազմել ավելի քան 64,6 տրիլիոն բելառուսական ռուբլի կամ 13 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին են վկայում Բելառուսի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Դրանց համաձայն` այս երկրի միայն արտաքին պարտքն այս նույն ժամանակահատվածում աճել է 83,6% և կազմել 53,35 տրիլիոն բելառուսական ռուբլի կամ 10,7 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բելառուսի Ազգային բանկը ազգային արժույթը ենթարկել էր դևալվացիայի` 56%-ով: Այս դևալվացիան ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանը և ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: Արդյունքում, Բելառուսի կառավարությունը «ստիպված» սառեցրել էր մի շարք սպառողական ապրանքների գները` բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, այս երկրի կառավարությունը արգելել էր նաև որոշ ապրանքների արտահանումը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու և երկրում տիրող արժութային ճգնաժամը հաղթահարելու նպատակով հունիսի սկզբին ԵՎՐԱԶԵՍ-ը Բելառուսին տրամադրել է 3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով վարկ: