ԱՄՀ-Ն ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԵՎՍ 3,2 ՄԼՐԴ ԵՎՐՈ` ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ֆինանսական հերթական օգնությունն է տրամադրել Հունաստանին: Այս նոր վարկային միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 3,2 մլրդ եվրո: Ինչպես նշվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ` այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իրականացվել է «հունական» պարտքի մասնակի ներում՝ 12մլրդ եվրոյի չափով:
Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: