
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՈՒՆԵՆԱՆ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆ
Սպառողների ֆինանսական պաշտպանության ամերիկյան գործակալությունը (United States Consumer Financial Protection Bureau) այսօր` հուլիսի 21-ին, մեկնարկել է իր պաշտոնական գործունեությունը: Նշենք, որ այս գործակալությունը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հաստատված` ամերիկյան ֆինանսական վերահսկողության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում:
Հատկանաշական է, որ Սպառողների ֆինանսական պաշտպանության ամերիկյան գործակալության ստեղծման գործընթացը մեկնարկել էր դեռևս անցյալ տարի, և այսօր արդեն այս կառույցն առաջարկում է իր ծառայությունների ողջ փաթեթը և պատրաստ է արձագանքնել գործակալության պաշտոնական կայքում սպառողների կողմից ներկայացված դիմումներին ու առաջարկություններին: Գործակալության հիմնական նպատակն է` նպաստել, որպեսզի սպառողները, ովքեր օգտվում են ֆինանսական ծառայություններից, լիիրավ պատկերացում ունենան իրենց իրավունքների և պարտականությունների մասին: