ՀՀ կենտրոնական բանկի դերակատարումը կայուն ֆինանսավորման խթանման ոլորտում
Ներկայումս աշխարհում տեղի ունեցող մեծագույն մարտահրավերներից մեկը պետությունների կողմից կլիմայական փոփոխություններին դիմակայումն ու բնապահպանական, սոցիալական և կառավարման ստանդարտների՝ ֆինանսական համակարգ ներմուծմանն ուղղված քայլերն են: Դրա հիմնական պատճառներից մեկը կլիմայական փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերներն են, որոնց բախվում են բոլոր պետությունները:
Կլիմայի փոփոխությունն իր ունեցած բացասական հետևանքներով արդիական խնդիր է նաև Հայաստանի համար: Հայաստանին ներհատուկ կլիմայական հիմնական ռիսկերն են երաշտը, հողերի անապատացումը, սողանքները, սելավները, որոնք իրենց հետևանքներն են ունենում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների վրա՝ ավելի ու ավելի մեծացնելով կլիմայական ռիսկերի նկատմամբ երկրի խոցելիության մակարդակը:
Կլիմայական ռիսկերն իրենց ազդեցությունն են ունենում նաև ֆինանսական ծառայությունների սպառողների և բնականաբար, ֆինանսական համակարգի կայունության վրա: Կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ֆինանսական համակարգն ունի առանցքային դերակատարում՝ ուղղորդելով ավելի շատ ֆինանսավորում այն ոլորտներին, որոնք հանգեցնում են ջերմոցային էֆեկտների և գազի արտանետումների մակարդակի կրճատման, ինչպես նաև նպաստում կլիմայի նկատմամբ դիմացկուն տնտեսական զարգացմանը։
Հաշվի առնելով այն, որ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կայունության ապահովումն է, ՀՀ կենտրոնական բանկը ստանձնում է ՀՀ ֆինանսական համակարգում կայուն ֆինանսավորման սկզբունքների ներդրման հանձնառություն։ Առաջնային քայլերից մեկը կդառնա ճանապարհային քարտեզի մշակումը, այսինքն կներկայացվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում իրականացվելիք գործողությունների մանրամասն նկարագրումը առաջիկա տարիների համար։ Անհրաժեշտության դեպքում ճանապարհային քարտեզով սահմանված աշխատանքների իրականացումը կկոորդինացվի՝ համագործակցելով ՀՀ կառավարության և այլ պետական գերատեսչությունների հետ: