
ՀԾԿՀ. Էլեկտրական էներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում հաստատեց Էլեկտրական էներգիայի սակագները: Ինչպես հայտնում են ՀԾԿՀ-ից, սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։
Միաժամանակ տեղեկացնում են, որ Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվել են նաև 2023 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների նոր սակագները։