ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ս. Համբարձումյանը 2008 թվականի նոյեմբերի 10-ին կգործուղվեն Սյունիքի մարզ` Կապան եւ Քաջարան, լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Վերոնշյալ նախարարներին հանձնարարվել է լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու եւ առկա խնդիրներն արձանագրելու նպատակով, հանդիպել լեռնահանքային արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների եւ արհեստակցական կազմակերպությունների ղեկավարների հետ, գործուղումից վերադառնալուց հետո 2-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություններ արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ։
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին հանձնարարվել է` կազմակերպել եւ ապահովել որոշման մեջ նշված հանդիպումները։
Նույն որոշմամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է նաեւ Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, աշխատանքի տեսչության Սյունիքի մարզի տարածքային կենտրոնի ու Սյունիքի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի հետ համատեղ անցկացնել խորհրդակցություն` Սյունիքի մարզի սոցիալական ոլորտում տիրող իրավիճակին եւ առկա խնդիրներներին ծանոթանալու նպատակով։