ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ԱՅԼԸՆՏԱՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Հունաստանի խոշոր քաղաքական կուսակցությունները երկարատև բանակցությունների ու քննարկումների արդյունքում, վերջապես, հանաձայնության են եկել այն պայմանների շուրջ, որոնց ապահովման դեպքում միայն այս երկիրը կկարողանա ստանալ հերթական վարկային տրանշը` եվրոպական կենտրոնական բանկից (ԵԿԲ): Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները` կողմերը համաձայնության են եկել, մասնավորապես, պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի և կենսաթոշակների, ինչպես նաև աշխատատեղերի կրճատման հարցերի շուրջ: Այս միջոցառումների շնորհիվ Հունաստանի կառավարությունը կփորձի հասնել պետական բյուջեի պակասուրդի ցանկալի կրճատմանը, ինչը և Հունաստանից պահանջում են եվրոպական կառույցները:
Նշենք, որ վարկային տրանշը, որը Հունաստանը կստանա համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո, կկազմի 130 մլն եվրո: Այս միջոցները Հունաստանի կառավարությունը կուղղի իր պարտավորությունների մարմանը, որոնց ժամկետն ավարտվում է արդեն մարտ ամսին:
Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: