Հրանտ Բագրատյան. «Արմագեդոն 6»՝ պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի դինամիկան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրապարակել է «Արմագեդոն» շարքի վեցերորդ գրառումը։ Բագրատյանը Արմագեդոն շարքի շրջանակներում վերլուծում է վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումները։
Արմագեդոն. 6-րդ հրապարակում
Իսկ հիմա քննենք պետական բյուջեի եկամուտներ/ ՀՆԱ ցուցանիշի դինամիկան։ Դա անմիջական կապ ունի կոռուպցիայի հետ։ Դրան զուգահեռ անդրադարձ կկատարենք իրավախախտուներին, իսկ ապա նաև կքննենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում. ծնելիություն, մահացածություն, ամուսնություն և ամուսնալուծություն։
2018, 2019, 2020, 2021 և 2022թթ. գրանցվել է “ՊԲ եկամուտներ/ՀՆԱ” ցուցանիշի բարձր մակարդակ. համապատասխանաբար 22.3%, 23.7%, 24.9%, 25.6 և 24.9%։ Այնուամենայնիվ, երբ այս ցուցանիշը համեմատում ենք 2008-2017թթ. համապատասխան ցուցանիշի հետ, ապա նկատում ենք հետևյալը։ Նախ, բացարձակ տարբերությունը 0.5-1.0% է։ 2008-2017թթ. “ՊԲ եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշն” այսպիսին է. 2008թ.՝22%, 2009թ.՝22.9 , 2010թ.՝23.2%, 2011թ.՝ 24%, 2012թ.՝ 24.4%, 2013թ.՝ 24.2%, 2014թ. 24.3 %, 2015թ.՝ 23.8%, 2016թ.՝23.8 % և 2017թ.` 22.2%։ Երկրորդ, 2008-2013թթ. ցուցանիշը պետք է բազմապատկել 1.2 գործակցով, քանի որ մինչև 2013թ. (մինչև եկամտահարկի մասին նոր օրենքը) կենսաթոշակային ֆոնդի միջոցները պետական բյուջեի մեջ հաշվառված չէին։ Իսկ դրանք կազմում էին բյուջեի եկամուտների շուրջ 20%-ը։ Այստեղից էլ բխում է, որ նման շտկումից հետո չի երևում այդ ի՞նչ բյուջետային հեղափոխությունից է խոսում իշխող քաղաքական ուժը։ Իրականում ճիշտ հակառակն է։ Ինչ վերաբերում է 2003-2007թթ. “պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ” ցուցանիշի դինամիկային, ապա այստեղ ևս ցուցանիշը տատանվում է 18.2 – 22.2% միջակայքում առանց կենսաթոշակային ֆոնդի միջոցների։ Նույնիսկ այդ տարիների նկատմամբ առաջընթաց չկա։
“ՊԲ եկամուտներ/ՀՆԱ” ցուցանիշի դինամիկան ուղղակիորեն բնութագրում է ստվերային տնտեսության ու կոռուպցիայի մակարդակը երկրում։ Եվ ուրեմն, այս ուղղությամբ նույնիսկ չնչին առաջընթաց չկա։ Ավելին, եթե 2018-2022թթ.-ից բացառենք հարկային օրենսդրության փոփոխություններն, ապա ակնհայտ է դառնում ահագնացող կոռուպցիան արդեն այս իշխանությունների օրոք։ Օրինակները սահմռկեցուցիչ են։ Իշխանությունն այդպես էլ համարձակություն չունեցավ մինչև վերջ պարզաբանելու Ամուլսարի հին ու նոր փայատերերին (մասնավորապես նախկին նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարությանը)։ Բարձրագույն իշխանավորներն այնքան էին “խորացել” առանձնատնային թեմաների մեջ, որ ներկայումս խոսքից անցել են գործի։ Իշխանավոր ունենք (Տիգրան Ավինյանը), որը մի պահ միևնույն ժամանակ աշխատում էր փոխքաղաքապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար, հայտնի առևտրական բանկի տնօրենների խորհրդի նախագահ, պոլիտեխնիկ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տնօրինում էր պետության փայը խոշոր կոմբինատում։ Մրցույթներ չէր անցկացնում կամ էլ մատների արանքով էր ամեն ինչին նայում, աղավաղում էր դրանք։ Որոշեց հայկական տեստեր արտադրել և յուր ընկերոջը բյուջեից 550 հազ. դոլար նվիրաբերեց։ Արմեն Սարգսյանի հետ միասին պետության բյուջեի հաշվին ստեղծեց “ազգային ավիափոխադրող”։ Դժվար է այսպիսի մեկին պատկերացնել նախկին բոլոր իշխանությունների օրոք։ Մրցույթների վկան ենք դառնում, որտեղ հաղթում է ամենաթանկ գին տվածը։
Երկրում տիրող կրիմինալ իրավիճակը փաստում է 2018-2022թթ. տնտեսական այսպես կոչված աճի բացակայությունը։ Գրանցված հանցագործությունների թվի ցուցանիշը 1993-2022թթ համար (այս դեպքում մենք հնարավորություն ունենք 2018-2022թթ թվերը համեմատել նաև 1998-2002 և 1993-1997թթ թվերի հետ) ցույց է տալիս, որ տնտեսական իրական հաջող տարիների դեպքում հանցագործությունների թիվը պակասում է։ Այսպես, 1994թ., երբ դեռևս շարունակվող պատերազմի պարագայում ՀՀ-ին հաջողվեց գրանցել 6.9% տնտեսական աճ (առաջինը ԱՊՀ-ում), գրանցված հանցագործությունների թիվը 13061-ից (1993թ) իջավ 9923-ի։ Կամ 2007թ., սա անկախությունից ի վեր ամենահաջող տարիներից մեկն է, այդ թիվն իջավ 8428-ի։ Անհասկանալի է, օրինակ, այդ ի՞նչպես է, որ 2022-ին, երբ իբր թե գրանցվել է 14%-ոց տնտեսական աճ, գրանցված հանցագործությունների թիվը հասել է 37612-ի և գերազանցել է 2021-ի մակարդակը 1.24 անգամ։ 1993-2022թթ գրանցված հանցագործությունների պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք 1993-ին եղել են 13061, 1998-ին՝ 10761, 2003՝-ին 11073, 2008-ին՝ 9271, 2013-ին՝ 18333, 2018-ին՝ 24678 և 2022-ին՝ 37612։ Ներկայումս 2-4 անգամ ավել հանցագործություններ են կատարվում, քան նախկինում։ Սա այն դեպքում, երբ երկրի մշտական բնակչության թվաքանակը 2022-ին 1993-ի համեմատ պակասել է շուրջ 18%-ով (3740 հազ. մարդուց իջել է 2961 հազ. մարդու)։
Իսկ հիմա քննենք մի քանի կարևորագույն ժողովրդագրական ցուցանիշներ։ Այս իշխանությունների օրոք մենք ունեցել ենք ծնելիության ամենացածր մակարդակը։ Իհարկե, ծնվածների թիվը կապ ունի երկրի փաստացի բնակչության հետ։ Այնուամենայնիվ, եթե նախկինում ՀՀ-ում ծնվում էր տարեկան 40-50 հազ. երեխա, ապա ներկայումս այդ թիվը 36 հազ. է։ Ավելի կոնկրետ. 1993-1997թթ. ծնվել է 207.1 հազ. երեխա, 1998-2002թթ. 174.5 հազ., 2003-2007թթ.՝ 188.5 հազ., 2008-2012թթ.՝ 216.2 հազ., 2013-2017թթ.՝ 204.9 հազ։ 2018-2022թթ. ՀՀ-ում ծնվել են վերջին 181.9 հազ երեխա. երկրորդ վատագույն ցուցանիշն է վերջին 30 տարիներին։ Սա դեռ ոչինչ։ Հիմա նայենք մահացածների թիվը։ Սովորաբար Հայաստանում տարեկան մահանում է 24-27 հազ. մարդ։ 2018-ից հետո այս թիվն անցել է 30 հազ.-ը։ Այսպես, 1993-1997թթ. մահացել է 126 հազ. մարդ, 1998-2002թթ.՝ 120.8 հազ., 2003-2007թթ.՝ 132.1 հազ. մարդ, 2008-2012թթ.՝ 138.4 հազ. մարդ, 2013-2017թթ.՝ 138.1 հազ. մարդ։ 2018-2022թթ. սահմանվել է հակառեկորդ. 149.4 հազ. մարդ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկման հիմնական պատճառը COVID-ը կամ 2020-ի պատերազմը չեն։
Հիմա քննենք նաև ամուսնությունների ու ամուսնալուծությունների խնդիրը։ Մինչև 2018-ը Հայաստանում քիչ թե շատ կայուն վիճակ էր. ունենում էինք 15-18 հազ. ամուսնություն և 2.5-3.5 հազ. ամուսնալուծություն։ Միշտ ամուսնալուծությունները կազմել են ամուսնությունների 14-18%-ը. վիճակագրության միջազգային ստանդարտներով ՀՀ-ն մոնոգամ ամուսնության երկրների շարքում պատկանում էր կայուն ընտանիքների խմբին։ 2018-2022թթ. մենք միջին հաշվով տարեկան ունեցել ենք 15298 ամուսնություն և 3962 ամուսնալուծություն։ Ներկայումս ամուսնալուծվում են ամուսնացածների 26%-ը։ Հասարակությունը սև ու սպիտակների բաժանելու ազգակործան թեզերը չէին կարող իրենց բացասական հետքը չթողնել նաև ընտանիքներում։ Միևնույն ժամանակ այդ այսպես կոչված հեղափոխությունը ոչ մի դրական ներգործություն չունեցավ արտագաղթի տեմպերի վրա։ Այսպես, 2019թ. երկրից արտագաղթեց 73 հազ. մարդ, ինչը 21-րդ դարում ամենամեծ թիվն է։ Այս ամենի արդյունքում ՀՀ-ում կյանքի սպասվող տևողությունը վերջին 5 տարում 75.4-ից իջավ 72.4-ի։ Նման ցուցանիշ մենք մեկ էլ ունեցել ենք 1994-ին։ Մինչդեռ աշխարհում այդ ընթացքում կյանքի սպասվող տևողությունը ավելացել է 5.5 տարով։ Այս մարդիկ մեզ 28 տարով ետ գցեցին։ Սովորաբար ՀՀ-ն կյանքի սպասվող տևողության ցուցանիշով ՄԱԿ անդամ 193 երկրների մեջ գրավում էր 85-87 տեղերը։ Ներկայումս իջել ենք 120-122-րդ տեղերը։ Ընդ որում, վերջին 30 տարիներին առաջին անգամն է, որ ՀՀ-ում կյանքի սպասվող տևողությունը (72.4 տարի) աշխարհի միջինից ցածր է (72.9 տարի)։ Այ սա իսկական Արմագեդոն է մեր ազգի համար։ Արտաքին թշնամու կարիք չկա։
p.s. Սրանով ավարտում եմ Արմագեդոն շարքի հրապարակումները։ Ավաղ, դժվարանում եմ սոցիալ-տնտեսական կյանքում ևս, ինչպես և սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման գործերում, որևէ դրական բան գտնել։