ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Սինգապուրի Հանրապետություն: Այսօր՝ մարտի 28-ին, Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի Նախագահ Թոնի Տան Քեն Յամի հետ:
ՀՀ նախագահի Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սինգապուրի և Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ-սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը:
Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի խոսքով՝ չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին քսան տարի առաջ, հայ-սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին:
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ՝ Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Նախագահները երկուստեք ցանկություն են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական այս տարին նշանավորվի նաև որպես Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման տարի: Երկու երկրների նախագահները խոսել են կրթության, գիտության, քաղաքացիական ծառայության ոլորտներում համագործակցության, սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու մասին ևս: