ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
«Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ – Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի աշխատանքային հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից՝ հանդիպման ժամանակ քննարկվել են 2012-2013 թվականներին Հայաստանի սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցերը:
Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Հայաստանում գազաէներգետիկ նախագծերին «Գազպրոմ»-ի մասնակցության վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել են «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության արդյունքներին: Մասնավորապես, մատնանշվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հաջող գործարկումը, որը հնարավորություն է տվել ապահովել էլեկտրաարտադրման հայկական շուկայի զգալի մասը եւ մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները դեպի հարևան երկրներ: