Team-ի աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ConFEAS համաժողովը
Երևանում կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը, որի ընթացքում Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը քննարկեցին կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները: Team Telecom Armenia-ն միացել էր նախաձեռնությանը՝ աջակցելու ֆինանսական շուկայի զարգացմանը և նոր փորձի ներդրմանը։
Համաժողովին ելույթ ունեցավ 40 բանախոս, իսկ միջոցառմանը մասնակցում էր 200 մասնագետ ավելի քան 30 երկրից։
«Սա մեծ հնարավորություն էր՝ նոր գիտելիքներ ու ծանոթություններ ձեռք բերելու։ Շնորհակալ եմ մեր բոլոր մասնակիցներին, ԵՖԲՄ անդամներին, և, իհարկե, մեր հովանավորներին, որոնց շնորհիվ կայացավ համաժողովը»,- նշեց ԵՖԲՄ գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։
Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը կարևորեց կապիտալի շուկայի զարգացման գործում երկրի խոշոր ընկերությունների դերը՝ նշելով․
«Հայաստանում ներդրումներ ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը արժեթղթերի առաջնային շուկայի զարգացումն է և բորսայական առևտրի ակտիվացումը։ Այս համաժողովը այն անհրաժեշտ հարթակն էր, որտեղ մեր միջազգային գործընկերների հետ քննարկեցինք կապիտալի շուկայում առկա հնարավորություններն ու բացերը՝ գտնելու լավագույն լուծումները։ Team-ը օրեր առաջ հայտարարեց առաջնային հրապարակային առաջարկի միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Սա հանրային ու բաց գործելուն, ինչպես նաև ֆինանսական շուկայի զարգացմանը նպաստելուն ուղղված կարևոր քայլ է։ Կարծում եմ՝ ցուցակված ընկերություն լինելը պետք է դառնա վարակիչ նաև մյուս ընկերությունների համար»։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։ Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մանրամասները`այստեղ։
Միջոցառումը Հայաստանում տեղի ունեցավ առաջին անգամ՝ նպատակ ունենալով ոլորտի առաջատար մասնագետներին հրավիրել Երևան փորձի փոխանակման և նոր ծանոթությունների հաստատման: Նախորդ տարիներին կոնֆերանսը կազմակերպվել է Աբու Դաբիում և Բուխարեստում:
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: