ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ՓՈՒԼ
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային ներկայացման TWM համակարգում պարբերաբար ավելացվում են էլեկտրոնային նոր ենթահամակարգեր, որոնք փոխարինում են թղթային եղանակով իրականացվող գործառույթներին, կրճատում են մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը, խնայում են ՊԵԿ վարչարարական ռեսուրսները և, միևնույն ժամանակ, բարձրացնում են մաքսային հսկողության արդյունավետությունը:
Մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանն ուղղված շարունակաբար իրականացվող գործընթացների շարքում հերթական նորամուծությունն է հանդիսանում մաքսային քարտերի էլեկտրոնային վարումը և մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողումը մեկ միասնական համակարգի միջոցով:
Քարտերի վարման էլեկտրոնային ենթահամակարգը համախմբել է մաքսային վճարումների հետ կապված մի շարք գործողություններ, որոնք տնտեսվարողը նախկինում պետք է իրականացներ մաքսատներում` համապատասխան աշխատակիցների միջամտությամբ, իսկ այժմ կարող է իրականացնել ինքնուրույն` իր գրասենյակից:
Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողնման համակարգը հնարավորություն է տալիս 2011թ. ՊԵԿ-ի կողմից ներդրված էլեկտրոնային վճարման համակարգից օգտվող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը:
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանի՝ ապրանքների էլեկտրոնային եղանակով բացթողումն իրենից ներկայացնում է դեռևս 2011թ.-ին ներդրված մաքսային վճարների էլեկտրոնային վճարման գործընթացի հաջորդ փուլը, որով ամբողջանում է մաքսային սահմանից մինչև ապրանքների բացթողնման գործընթացը և հնարավորություն է տալիս ՊԵԿ-ին անընդհատ մոնիտորինգի ենթարկել մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը ու քայլեր ձեռնարկել դրա կրճատման ուղղությամբ:
Տիգրան Տիգրանյանի խոսքով, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար հաջորդ կարևոր գործիքն է հանդիսանում առցանց, իրական ժամանակում, մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ թյուրիմացաբար սխալ լրացված դաշտերի կամերալ ուսումնասիրությունը, որից հետո համակարգը հուշում է տնտեսվարողին ենթադրաբար սխալ լրացված դաշտի վերաբերյալ և զերծ է պահում վերջինիս թյուրիմացաբար թույլ տրված խախտումներից:
Միևնույն ժամանակ, նշված էլեկտրոնային համակարգերից օգտվող տնտեսվարողները, աշխատելով լիովին էլեկտրոնային միջավայրում, ապահովելով թափանցիկություն մաքսային հսկողության իրականացման ընթացքում, հանդիսանում են բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներ՝ մաքսային ձևակերպումների ընթացքում ստանալով որոշակի արտոնություններ: