
RIM-Ը ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ 2 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը՝ կանադական Research in Motion-ը (RIM), ընթացիկ տարում մտադիր է կրճատել շուրջ 2 հազար աշխատատեղ: Նշենք, որ այժմ ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 16,5 հազարի: All Things Digital-ի փոխանցմամբ՝ նման քայլ ուղղված է ծախսերի կրճատմանը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունը կրել էր 125 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Եռամսյակն ամփոփելով բացասական ֆինանսական արդյունքներով` ընկերությունը որոշել է սկսել վերակազմավորման գործընթաց:
Նշենք նաև, որ 2011-2012 ֆինանսական տարվա արդյունքներով RIM ընկերության զուտ շահույթը կրճատվել էր 66%-ով և կազմել 1,16 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, տարեկան համախառն հասույթը կրճատվել էր 7%-ով և կազմել 18,4 մլրդ ԱՄՆ դոլար: