ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Համաշխարհային բանկի Առողջապահական թիմի առաքելության պատվիրակությանը` Առողջապահության ավագ մասնագետ և աշխատախմբի ղեկավար Սուսաննա Հայրապետյանի գլխավորությամբ: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման իրականացման աջակցության առաքելության աշխատախմբի ներկայացուցիչներ Ջոհաննա Անգերսը (Ծրագրերի ավագ մասնագետ), Վեզի Մարիան Մսիշային (Առողջապահության մասնագետ), Փիթեր Բիորեին (Առողջապահության գծով խորհրդատու, Միջազգային ֆինանսական կորպորացիա) և առողջապահության նախարարի տեղակալները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության Մամուլի ծառայությունից` հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են «Առողջապահական համակարգի արդիականացում 2» վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ընթացիկ աշխատանքները: Համաշխարհային բանկի փորձագետները գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ և նշել, որ ծրագրով նախատեսված աշխատանքները ժամկետում և որակյալ իրականացվում են:
Միաժամանակ, քննարկվել են երրորդ վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, ուրվագծվել են նպատակը, բաղադրիչները, գործողությունները: Մասնավորապես, որպես հիմնական նպատակ նշվել է ոչ վարակիչ հիվանդույթունների կանխարգելումը և բուժումը, որը մշակվել է ՀՀ կառավարության կողմից հաստատաված ռազմավարության հիման վրա: Մյուս բաղադրիչով նախատեսել են հիվանդանոցների արդիականացում` Վանաձորում, անդրադարձել են նաև արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնների զարգացմանը և բարելավմանը:
Դերենիկ Դումանյանը մարզերի համաչափ զարգացման համատեսքստում կարևորել է Վանաձորում բժշկական նոր կենտրոն ունենալու հնարավորությունը, նաև շեշտել է, որ հատկապես արյունաբանության և ուռուցքաբանության ծառայությունները մեր երկրում պետք է բարելավվեն:
Կողմերը պայմանավորվել են մեկ անգամ ևս մանրամասն քննարկել վարկային նոր ծրագրի ուղղությունները:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի առաքելության թիմին երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի: