Բիբլոս Բանկ Արմենիա. Դրամական պարգևներ՝ Koreez մրցույթին հաղթած աշակերտների ուսուցիչներին
Հոկտեմբերի 8-ին կայացավ Koreez համադպրոցական մրցույթի 2023 թվականի շոու-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան միացավ խելացի աշակերտների ուսուցիչներին մեծարելու նախաձեռնությանը։
Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել նրանց կրթվելու ցանկությունը և մեծարել այդ ճանապարհին նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը, ի թիվս այլ կրթական նախաձեռնություների, որոշեց ֆինանսավորել առավել լավ արդյունք գրանցած աշակերտների ուսուցիչներից երկուսին՝ յուրաքանչուրին 500,000 դրամի չափով խրախուսական պարգև շնորհելով։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, ուսուցիչները կարևոր աշխատանքն են տանում հասարակության զարգացման ուղղությամբ։
«Լավ ուսուցիչները կյանքեր են փոխում։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի տաղանդավոր աշակերտները ռեալիզացնեն իրենց ողջ ներուժը, ինչի համար էլ այսօր որոշել ենք խրախուսել հենց ուսուցիչներին։ Բիբլոս Բանկ Արմենիայում շարունակական կրթությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հուսով ենք, որ Koreez-ի հետ համագործակցությունը կօգնի ընդգծել ուսուցչի դերը մեր հասարակության մեջ»,- ասաց Հայկ Ստեփանյանը։
Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը համոզված է, որ ուսուցիչն է կանգնած երկրի զարգացման առանցքում:
«Հայաստանի Հանրապետության բնակչության ընդամենը 1%-ը կազմող ուսուցիչները, որոնք իրենց ուսերին են կրում մնացած 99%-ին կրթելու բեռը, պետք է առավելագույնս հարգված և գնահատված լինեն մեր երկրում, որովհետև եթե հասարակության և երկրի զարգացումը վստահվել է այս 1%-ին, ապա մնացած 99%-ի պարտականությունն է ամեն բան անել ուսուցչի ինստիտուտի համար։ Շնորհակալ ենք Բիբլոս Բանկ Արմենիային և գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին Koreez կրթական շարժմանը միանալու և այս կարևոր առաքելությունը մեզ հետ կիսելու համար»,- նշեց Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։
Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 14 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Մրցույթին երեք տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ և ԱՀ շուրջ 1084 հանրակրթական դպրոցի ավելի քան 18,000 աշակերտ և ուսուցիչ։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ։