YouTube-ը շրջանցել է Netflix-ին և անհանգստացրել Հոլիվուդին
Մինչ հոլիվուդյան կինոստուդիաները կրճատում են ծախսերն ու ազատում աշխատակիցներին, YouTube-ն ընդլայնում է իր ազդեցությունը զվարճանքի ինդուստրիայում։ Հարթակն արդեն ավանդական մեդիաընկերությունների հետ մրցակցում է հեռուստադիտողների, գովազդային եկամուտների և մասնագետների համար։
Ինչպես գրում է The Economist-ը, 2026 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում հեռուստատեսային բովանդակության դիտման ընդհանուր ժամանակի 15.8%-ը բաժին է ընկել YouTube-ին։ Սա գրեթե հավասար է Netflix-ի, ինչպես նաև Disney-ի, Paramount-ի և Warner Bros.-ի սթրիմինգային ծառայությունների համատեղ ցուցանիշին։ 2023 թվականի սկզբից YouTube-ի մասնաբաժինը կրկնապատկվել է։
2025 թվականին հարթակի՝ գովազդից և բաժանորդագրություններից ստացված հասույթը հասել է 60 մլրդ դոլարի՝ Netflix-ի մոտ 45 մլրդ դոլարի դիմաց։ Միևնույն ժամանակ YouTube-ն օգտագործում է բիզնեսի այլ մոդել։ Ի տարբերություն կինոստուդիաների, որոնք ֆիլմերի և սերիալների արտադրության համար նախապես միլիոնավոր դոլարներ են ներդնում, հարթակը սովորաբար չի ֆինանսավորում տեսանյութերի ստեղծումը, այլ հեղինակների հետ կիսում է գովազդից և բաժանորդագրություններից ստացված եկամուտները։
Մինչդեռ հաջողակ բլոգերներն աստիճանաբար վերածվում են լիարժեք մեդիաընկերությունների։ Օրինակ՝ Smosh կատակերգական նախագիծն ունի ավելի քան 45 մլն բաժանորդ, իսկ երեք տարվա ընթացքում դրա հասույթն աճել է հինգ անգամ։ Ընկերության աշխատակիցների թիվը եռապատկվել է՝ հասնելով 100-ի։ Նման նախագծերը գնալով ավելի հաճախ են աշխատանքի ընդունում ավանդական կինոարտադրության ոլորտում փորձ ունեցող մասնագետների։
Հոլիվուդը փորձում է հարմարվել նոր պայմաններին։ Netflix-ն ու Disney+-ը ներդնում են ուղղահայաց տեսանյութերի ձևաչափը, որը նման է YouTube Shorts-ին։ Բացի այդ, Netflix-ը նախատեսում է երեք տարվա ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար ծախսել համացանցային բովանդակություն ստեղծողների հետ համագործակցության վրա։ Sony Pictures-ն էլ իր ղեկավար կազմն է համալրում YouTube-ում աշխատելու փորձ ունեցող մասնագետներով։
Հարթակի լրացուցիչ առավելություններից են դառնում Google-ի՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Դրանք օգնում են հեղինակներին մոնտաժել տեսանյութերը, թարգմանել դրանք այլ լեզուներով և գովազդել ապրանքները։
Միևնույն ժամանակ մրցակցությունն ավելի է սրվում։ TikTok-ը համագործակցում է Tubi սթրիմինգային ծառայության հետ՝ սերիալներ ստեղծելու նպատակով, իսկ Meta-ն զարգացնում է հեռուստացույցով կարճ տեսանյութեր դիտելու հնարավորությունը։
YouTube-ն աստիճանաբար սիրողական տեսանյութերի հարթակից վերածվում է ինքնուրույն ժամանցային ինդուստրիայի, որտեղ բովանդակություն ստեղծողները կարող են մրցակցել Հոլիվուդի խոշորագույն կինոստուդիաների հետ։
