Ինչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին
Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Ովքեր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր
2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝
- 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
- 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
- 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Ինչպես ներկայացնել հայտարարագիր
Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ Համակարգը հասանելի կլինի ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։
Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։
Տարբերակ առաջին
Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝
- ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
- Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
- Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
- Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։
Լրացուցիչ տեղեկատվության համար նույնականացման քարտով և բջջային հեռախոսով կարող եք այցելել Ձեր նախընտրած բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.
Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am
Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am
Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am
Տարբերակ երկրորդ
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝
- ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
- Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader)։
- Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Ի գիտություն
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Ինչ է սոցիալական ծախսը
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):
Սոցիալական ծախս է համարվում`
- Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը,
- Հայաստանում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։
Ինչպես կարելի է օգտվել փոխհատուցումից
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։
Որքան է կազմում սոցիալական ծախսը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամն է։ Կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամը։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: