Ֆինանսական տարվա առաջին կիսամյակում Toyota-ն ռեկորդային թվով ավտոմեքենաներ է արտադրել
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2023 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, որը սկսվել է այս տարվա ապրիլի 1-ին, արտադրել է 5.58 միլիոն ավտոմեքենա, ինչը նշված ժամանակահատվածում ընկերության համար ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին են վկայում ընկերության հրապարակած տվյալները։
Կոնցեռնի հայտարարության մեջ նշվում է, որ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության արտադրությունն ամբողջ աշխարհում աճել է 12.8%-ով։
Միաժամանակ, օրացուցային տարվա առաջին կիսամյակում ճապոնական ավտոարտադրողը նույնպես ռեկորդ է սահմանել՝ արտադրելով ավելի քան 5.6 միլիոն ավտոմեքենա։ Մեքենաների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 4.2 միլիոն միավոր վաճառվել է Ճապոնիայից դուրս։ Այս ցուցանիշով ընկերությունը չորրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ի և եվրոպական կոնցեռններից։
Ավելի վաղ ճապոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ 2023 թվականին Toyota-ն նախատեսում է առաջին անգամ ամբողջ աշխարհում արտադրել ավելի քան 10 միլիոն ավտոմեքենա։