ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի ղեկավար Արտո Ահոնենի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշի՝ Թալին-Գյումրի 45,7 կմ հատվածի բարելավման և վերակառուցման հայտը, ինչպես նաև առաջիկա մեկ տարվա ընթացքում Հյուսիս-հարավ ծրագրի ամբողջական եւ մանրամասն նախագծերի պատվիրման եւ պատրաստման հնարավորությունները: Հստակեցվել են նաև Տրանշ 3-ով նախատեսված բանակցություններին եւ ստորագրվելիք վարկային համաձայնագրերին առնչվող հարցեր։
Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է սկսել ճանապարհահատվածի տեխնիկական ուսումնասիրության աշխատանքները, քանի որ այն բավականին բարդ և երկար ժամանակ պահանջող գործընթաց է:
Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո կհայտարարվի մրցույթ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշի շինարարական աշխատանքների համար: