Ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում
Ի՞նչ պետք է անել առաջին քայլով
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Այն դեպքում, երբ չի ստացել պետական գրանցում, ապա անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և թղթային եղանակով ներկայացնի վարձակալության վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության ձևն այստեղ։
Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը
Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։
Ինչպե՞ս լրացնել հայտարարությունը
Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային տարբերակով՝ պարտադիր լրացնելով հետևյալ տվյալները.
- վարձատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
- ՀՎՀՀ-ն (որը պետք է ստանալ նախապես),
- անձնագրային տվյալները,
- հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,
- հայտարարության ներկայացման ամսաթիվը,
- անշարժ գույքի վերաբերյալ տվյալները,
- վարձակալության ժամկետները,
- վարձակալությունից ստացվող եկամտի չափը։
Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Հայտարարությունը ներկայացնելու և եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաև առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի file-online.taxservice.am միջոցով։
Որքա՞ն է եկամտային հարկի դրույքաչափը
Անշարժ գույքը ֆիզիկական անձին վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատու ֆիզիկական անձը պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ, որը հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով:
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը
Վարձակալական վճարներից եկամտային հարկն անհրաժեշտ է հաշվարկել ինքնուրույն և բացառապես էլեկտրոնային եղանակով՝ file-online.taxservice.am համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։
Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Որքա՞ն է տուգանքի չափը
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։
Ո՞ր դեպքերում չի կիրառվի տուգանք
- Այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում,
- այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն կամ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։
Անշարժ գույքը վարձակալության վերաբերյալ իրազեկման թերթիկն այստեղ: