ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ
Այսուհետ Հունաստանի բյուջետային ծախսերի նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի եռամսյակային պարբերականությամբ: Պետական կազմակերպություններն ու նախարարությունները ստիպված կլինեն հաշվետվություններ ներկայացնել բյուջետային պլանի կատարման վերաբերյալ: Կիրառության մեջ ներդրվող բյուջետային վերահսկողության նոր մեխանիզմը հնարավորություն կտա երկրին առավել արդյունավետ կերպով տնօրինել սեփական բյուջետային միջոցները:
Հունաստանի կառավարությունը նշում է, որ վերահսկողությունը կիրականացվի բացառապես պետական մարմինների կողմից, և երկրի վարկատուները՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Եվրամիությունը, չեն մասնակցի գործընթացին:
Նշենք, որ Հունաստանը պատրաստվում է կրճատել պետական ծախսերն ու բարձրացնել հարկերը և դրա շնորհիվ «կուտակել» ֆինանսական միջոցներ:
Հիշեցնենք, որ Հունաստանը ներկայումս գտնվում է խորը պարտքային ճգնաժամի մեջ:
Հունաստանի վարկատուների՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ-ի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին: